Հասարակություն

Խորհրդարանական լսումներ՝ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 19-ին հրավիրած խորհրդարանական լսումների թեման «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկում է:

Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, վարչապետի և փոխվարչապետերի աշխատակազմերի, ֆինանսների նախարարության, ՊԵԿ, ԲՏԱ, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ և ՓՄՁ ոլորտի ասոցիացիաներ, ընկերություններ, մասնագիտական համայնքից ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով լսումներ անցկացնելու անհրաժեշտությանը, նշել է, որ հանձնաժողովում հարցի քննարկման փուլում պատգամավորների կողմից եղել են առաջարկներ, դիտարկումներ և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախքան հանձնաժողովի որոշում կայացնելը կլինեն նաև լսումներ, որտեղ նրանք կլսեն նաև ոլորտի մասնագիտական կարծիքներ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացնելով վերոնշյալ օրենսդրական փաթեթում փոփոխություններ կատարելու հիմնավորումները, նշել է, որ Կառավարության քաղաքականությունն այս փուլում ուղղված է հարկման ընդհանուր համակարգերին, շրջանառության հարկի համակարգի և միկրոձեռնարկատիրության կիրառության շրջանակի կրճատմանը: Ըստ նրա՝ դրա նպատակը հարկման հավասարության ու արդարության սկզբունքների ամրապնդումն է: Փոխնախարարի խոսքով ախտորոշված է 2 հիմանական խնդիր:

«Մասնագիտական աշխատանք կատարող բուժաշխատողը կամ ուսուցիչն իր աշխատավարձից վճարում է 20 տոկոս եկամտահարկ, իսկ, օրինակ, անհատ ձեռնարկատերը կա՛մ հարկ չի վճարում, եթե միկրոձեռնարկատիրական հարկման արտոնյալ պայմաններում է գործում, կամ վճարում է ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ: Օրինակ՝ շենքերի շինարարություն հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 2,4 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից, կամ իրավաբանական և հաշվապահական գործունեություն հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 3,2 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից»,- ընդգծել է փոխնախարարը:

Զեկուցողի խոսքով նախագծով ներկայացված մասնագիտական բնույթ ունեցող ծառայությունների գծով հարկման ընդհանուր համակարգի և շրջանառության հարկի համակարգում հարկային բեռի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտների մոտ գործունեության գրեթե բոլոր տեսակների մասով էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից:

Նախագծով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Դրանցից են՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, շենքերի շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական կամ ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, մասնագիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն և առողջապահություն:

«Գործունեության որոշ տեսակներ նախատեսվել է դեռևս չտեղափոխել ավելացված արժեքի հարկի համակարգ: Խոսքն անասնաբուժական ծառայությունների, սոցիալական խնամքի ծառայությունների, գիտական հետազոտությունների և մշակումների մասին է»,- ասել է Արման Պողոսյանը:

Ֆինանսների նախարարի տեղակալը պատասխանել է նաև հրավիրյալների բազմաթիվ հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերել են օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետի հետաձգմանը, ստվերային գործունեության ի հայտ գալու ռիսկայնությանը, թե քանի սուբյեկտի է վերաբերելու օրենքի նախագիծը և այլն: