Հասարակություն

«ՊԱՐ-ԱՐՏ»-ի մսամթերքի արտադրությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական առանձին գործառույթը (ք. Երևան)։

Այս որոշումը հիմնված է լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա. Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն այդ արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից:

Հետազոտությամբ պարզվել է, որ «Հավի մսով լանգետ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին։

Արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է արտադրանքի (04.11.2024թ. խմբաքանակ, պիտանիության ժամկետը՝ 8 ժամ) իրացումն արգելելու, շուկայից հետկանչի, ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր, արտադրողին տրվել է խախտումների վերացման վերջնաժամկետ: