ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Սիսիանի վերանորոգված և վերականգնված պատկերասրահը արդեն ընդունում է այցելուներ:
«Պատկերասրահում ցուցադրված են տաղանդավոր գեղանկարիչ Զաքար Խաչատրյանի աշխատանքները, որոնց մասին արվեստասեր հանրությունը, ցավոք, բավարար տեղեկացված չէ:
Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց պատկերասրահի վերանորոգումը իրականացնել, սակայն դա համայնքային մշակութային կենտրոնի զարգացման պարտադիր, բայց ոչ բավարար պայման է: Համայնքային մշակութային կենտրոնը չպետք է լինի միայն տարածք, որտեղ ներկայացված են արվեստի գործեր: Այդ կենտրոնները պետք է լինեն շնչող, ֆունկցիոնալ, հետազոտական, մտքեր գեներացնող, նոր նախագծեր իրականացնող առաջատար կառույցներ:
Աշխատանքի մեծ մասը դեռ առջևում է...»,- գրել է նա: