ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին՝ որպես պանելային քննարկման բանախոս:
Քննարկումը վերաբերել է արհեստական բանականության ազդեցությանը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության և այլ ոլորտների վրա։
Անդրադառնալով կրթության համակարգում արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ որևէ իրողության և նոր մոտեցման ծայրահեղացումն արդարացված չէ. «Մենք պետք է հասկանանք յուրաքանչյուր տեխնոլոգիայի սահմաններն ու հնարավորությունները և պատասխանատու որոշումներով կարողանանք վերահսկել հետևանքները, որոնք մեզ համար ցանկալի չեն»:
Ըստ նրա՝ մինչ այս կրթության համակարգի մարտահրավերներից էին համարվում տեխնոլոգիական զարգացմամբ պայմանավորված թվային գործիքների անհասանելիությունը, որոշ դեպքերում նաև բավարար հմտությունների բացակայությունը, որոնց հաղթահարմանն այժմ արդեն կարող է նպաստել ԱԲ գործիքների կիրառումը:
«Այս հարցերն օրակարգային են. տեխնոլոգիական զարգացման և կրթության համակարգի միջև առկա խզման խնդրին պարտավոր ենք առերեսվել և լուծումներ գտնել: Այդ նպատակով հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում ներդրվել է նոր առարկա՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», որն ուսուցանվում է երկրորդ դասարանից։ Բոլոր դպրոցներում նաև համապատասխան ենթակառուցվածքներ ունենալով՝ նպատակ ունենք ամենաբազային հմտությունները դարձնել դպրոցական ծրագրի մաս, որպեսզի տեխնոլոգիաներն իրենց աշխատանքում ու առօրյայում կիրառելու հմտություններ ունեցող գրագետ քաղաքացիներ ձևավորենք: Այս առումով շատ կարևոր է նաև մեդիագրագիտությունը, որը պետք է ուղեկցի տեխնոլոգիական գիտելիքին, այլապես բազմաթիվ խնդիրների առաջ կկանգնենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ ԱԲ գործիքների կիրառումը կարող է էապես օգնել նաև կրթության ոլորտում որոշումների կայացմանը:
«Ժամանակակից իրականությունը պահանջում է մեծածավալ տվյալների վերլուծություն, որի ծավալը հատկապես կրթության համակարգում շատ մեծ է: Կշռադատված որոշումների մշակման առումով արհեստական բանականությունը կարող է մեծ աջակցություն ապահովել, որը, սակայն, երբևէ չի կարող փոխարինել մարդու անհատական պատասխանատվությանը և պարտավորվածությանը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ պետք չէ վախենալ արհեստական բանականության նոր գործիքակազմից, այլ պետք է մոտենալ դրան պատասխանատվությամբ և գիտակցված:
«Նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը մեր իրականության մասն են, ու դռներն արհեստականորեն փակել չի ստացվի: Ավելի լավ է միասին գտնել այդ իրականության մեջ ապրելու լավագույն ձևերը»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Visa-ի ԱՊՀ և Հարավ-Արևելյան Եվրոպայի տարածքի Fintech ընկերությունների և ձեռնարկությունների հետ ռազմավարական համագործակցության գծով տնօրեն Եվգենի Լիսնյակը, CINI կիբերանվտանգության ազգային լաբորատորիայի տնօրեն, CNRS գիտական խորհրդի անդամ Պաոլո Պրինետտոն, Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողությունը։