Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է Shamshyan.com-ը։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարկեները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից: Նրա մարմնի վրա առկա է եղել կրակոցի 1 հետք: Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մուրադխանյանի գլխավորությամբ:Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում, որը Նազարբեկյան 15/6 հասցեն է, հայտնաբերլ են արնանման հետք և կրակված 1 գնդակ: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը վերջերս է ֆրանսիայից ժամանել Հայաստան: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: