Կառավարության նիստում անդրադարձ է եղել Տավուշի սահմանազատված տարածքներին։
Վարչապետը մատնանշել է այն խնդիրը, որ Կիրանցի հատվածից անասունն անցնում է սահմանը. «Ես լավ չհասկացա՝ ինչպես դա կարող է տեղի ունենալ, կամ դա կարող էր լինել միայն սահմանի այն հատվածում, որը դեռ սահմանային ենթակառուցվածքով կահավորված չէ»։
Մարզպետ Հայկ Ղալումյանը նշել է, որ սահմանազատումից հետո մինչև վերջնական կահավորում՝ փշալարերի անցկացում, մի քանի նման դեպք եղել է, բայց անասունը ետ է վերադարձվել։
ԱԱԾ տնօրենն էլ տեղեկացրել է, որ սահմանի կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են և վերջնական չեն ավարտել. «Իսկ անասունի անցումը տեղի է ունեցել մինչև փշալարերի տեղադրումը, դրանից հետո նման դեպք չի եղել»։
Վարչապետը ևս շեշտել է, որ սահմանազատված հատվածներում, որտեղ փշալար կա, անհնար է՝ նման բան լինի. «Չսահմանազատված հատվածներով տեսականորեն կարող է նման բան տեղի ունենալ, նախկինում էլ է տեղի ունեցել, նույնիսկ եղել են դեպքեր, երբ անասունն անցել, ականների վրա պայթել է»։