Հասարակություն

Հայաստանը վիզաների ազատականացման «քարքարոտ» ճանապարհին

Այս տարվա սեպտեմբերի 9-ին պաշտոնապես մեկնարկեց  վիզաների ազատականացման հարցով Եվրամիություն-Հայաստան երկխոսությունը։ Այդ նպատակով Երևան էր ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը, իսկ արդեն նոյեմբերի 5-ին՝ Երևանում էր ԵՄ պատվիրակությունը՝ հայկական կողմի հետ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը: 

Ըստ սեպտեմբերի 9-ին կառավարության տարածած հաղորդագրության՝ Հայաստանի կառավարությունը և Եվրոպական հանձնաժողովը սերտորեն կաշխատեն՝ ապահովելու երկխոսության սահուն և արդյունավետ ընթացքը:

«Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես, գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Radar Armenia-ն փորձել է պարզել, թե առանց մուտքի արտոնագրի Եվրոպա  հասնելու ճանապարհին ի՞նչ խնդիրներ է հաղթահարելու Հայաստանը, ո՞ր ոլորտներում են բարեփոխումներ նախատեսվում, արդյոք միայն բարեփոխումները բավարար են գործը գլուխ բերելու համար, թե՞ անհրաժեշտ են հավելյալ քաղաքական ջանքեր ներդնել։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով բարեփոխումներին՝ նշեց, որ համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա քաղաքական, ռազմական, իրավական, կրթական, սոցիալական, տնտեսական, առողջապահական ոլորտներում:  

Ըստ նրա՝ սա մեկ օրում լուծելու խնդիր չէ, ոչ էլ կապված է վիզաների ազատականացման հետ միայն․ «Պետական երկարաժամկետ ծրագրերի հիմքում պետք է լինի ինքնիշխանության ամրապնդումը և այդ խնդրի լուծման համար նախադրյալների ստեղծումը: Իսկ նախադրյալներից մեկն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ փոխշահավետ համագործակցության իրական հիմքերի ստեղծումն է՝ շահերի համադրության առանցքի վրա: Եվ եթե մենք իրոք ՀՀ քաղաքականության հիմքում դնում ենք ինքնիշխանության ամրապնդումը, ժողովրդավարության զարգացումը, համակարգային փոփոխությունները, ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալը դառնում է անխուսափելի, որովհետև այդ կառույցները երբևէ իրենց կանոնադրական նպատակներին չեն ծառայել, եղել և մնում են արհեստածին, սոսկ քաղաքական խնդիրներ լուծող ու որևէ պետության համար չեն ապահովում իր կենսական խնդիրների լուծման հնարավորություններ, բացի ՌԴ-ից»։

 Ադամյանի կարծիքով՝ այստեղ բուն խնդիրը Հայաստանի, իբրև պետության, նպատակն է՝ ի՞նչ ենք ուզում ու ինչպե՞ս ենք պատկերացնում պետության անվտանգությունը, տնտեսության զարգացումը, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, ժողովրդագրական անվտանգությունը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը․ «Վիզաների ազատականացման գործընթացի սկիզբը ԵՄ-ի՝ դեպի ՀՀ ձեռնարկած քայլերից միայն մեկն է: Եթե իսկապես մեր խնդիրը պետության անվտանգությունն ու զարգացումն է, ՀԱՊԿ-ում ու ԱՊՀ-ում մենք վաղուց անելիք չունենք՝ այդ կառույցներն իրենք են դա ապացուցել, իսկ ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալու նախադրյալներ ստեղծել՝ ապահովելով անցնցում անցումը»։

Սակայն միջազգայնագետ Շահան Գանտահարյանը համաձայն չէ, թե վիզաների ազատականացման գործընթացը ՀԱՊԿ-ի անդամության հետ կապ ունի։ Միջազգայնագետը հիշեցնում է, որ այս գործընթացն սկսել է՝ առանց ՀԱՊԿ-ից դուրս գալը որպես նախապայման առաջ քաշելու, ապա ընդգծում, որ մեր անդամակցությունը դե ֆակտո սառեցվել է այդ կառույցին։

Ավելին՝ Հայաստանի ԱԳՆ-ից Radar Armenia-ին պարզաբանել են, որ  Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և այդ համատեքստում արձանագրվող ձեռքբերումները, ներառյալ՝ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը պայմանավորված չէ Հայաստանի և երրորդ երկրների հարաբերություններով:

Ամենակարևոր հարցերից է, թե արդյոք Հայաստանը պատրաստ և կարող է իրականացնել ԵՄ-ի նախանշած բոլոր բարեփոխումները, և ինչ ճանապարհային քարտեզով է առաջ գնալու այս գործընթացը։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից Radar Armenia-ին  պարզաբանել են, որ առաջիկայում երկու կողմերի քննարկումների և բանակցությունների հիման վրա կմշակվի գործողությունների ծրագիր:

Ըստ գերատեսչության՝ փաստաթղթում սահմանված կլինեն բարեփոխումների ուղղությունները և կնկարագրվեն ոլորտային գործողություններն ու միջոցառումները, որոնք ենթակա են իրականացման երկխոսության շրջանակում:

Առաջին բաղադրիչի մասով միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից նշել են, որ ՆԳՆ-ն հոկտեմբերի 10-ին հայտարարել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման նոր համակարգի ներդրման՝ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի առաջարկի հարցման փուլը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թ. հունվարի 8-ն է, իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթող թեկնածուն կհայտարարվի 2025-ի մարտին: Նոր նմուշի անձը հաստատող փաստաթղթերը շրջանառության կդրվեն պայմանագրի կնքումից հետո մեկ տարվա ընթացքում:

ԱԳՆ-ից էլ Radar Armenia-ին հայտնել են, որ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման նախադրյալներից մեկը ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի և ծառայությունների վերաբերյալ պետություն-մասնավոր գործընկերության  ձևաչափով ծրագրի իրականացումն է:

ԵՄ վիզայի ազատականացման ճանապարհին Հայաատանի կարևոր տնային աշխատանքներից մեկը առողջապահության համապարփակ ապահովագրությունն է։ Այս առնչությամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ընդգծել է, որ  ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի շրջանակներում առողջապահության համակարգի ներդրումը և առողջապահության ծառայությունների հասանելիությունը կարևորագույն բաղադրիչ է հանդիսանում։ Նախարարը վստահեցրել է, որ շարունակելու են ապահովել այդ հասանելիությունը, որպեսզի վիզաների ազատականացման գործընթացը բարեհաջող ընթանա։

Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ երկխոսության մեկնարկը կարևոր քաղաքական քայլ է՝ միտված Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված համաձայնագրով» երկուստեք ստանձնած հանձնառությունների կատարմանը, որտեղ նաև ամրագրված է վիզայի ազատականացված ռեժիմի գործարկումը դեպի ԵՄ/Շենգենյան համաձայնագրի անդամ-պետություններ կարճաժամկետ այցեր իրականացնելու համար, միաժամանակ վկայությունն է այն բանի, որ Հայաստանը հանձնառու է բարեփոխումների օրակարգի հաջող և արդյունավետ իրականացմանը:

«ԵՄ-ը վիզայի ազատականացված ռեժիմ է սահմանել ավելի քան 60 երկրների հետ, որոնցից յուրաքանչյուրի համար կազմվել է գործողությունների առանձին ծրագիր՝ հասցեագրելու ռեժիմի գործարկման ճանապարհին առկա խոչընդոտները՝ նախանշելով դրանց կարգավորման և հաղթահարման անհրաժեշտ քայլերը մեխանիզմները: Հայաստանի պարագայում երկխոսությունը դեռ նոր է մեկնարկել, ներկա փուլում սպասվում է ԵՄ համապատասխան կառույցների ներկայացուցիչների այց՝ գնահատելու Հայաստանի կարիքները և, ըստ այդմ, մշակելու Հայաստանի համար գործողությունների ծրագիրը, որտեղ արդեն հստակորեն կնշվեն այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվեն համապատասխան բարեփոխումներ»,- ասվում է արտաքին գերատեսչության պատասխանում։

Radar Armenia-ի իրականացրած հարցումը ցույց է տալիս, որ թեև Հայաստանը հսկայական աշխատանք ունի կատարելու առանց մուտքի արտոնագրի Եվրոպա հասնելու ճանապարհին, բայց հասարակությունը իրատեսկան է համարում, որ մոտ ապագայում եվրոպական երկրներ մեկնելու համար ազատ վիզայի ռեժիմ կգործի։

Արտգործնախարարությունը չի  մանրամասնում, թե որոնք են բանակցվող կետերը՝ պատճառաբանելով, թե բանակցությունների ընթացքը գաղտնի է, և դրանք հրապարակային կարող են դառնալ գործընթացի ավարտից հետո։ 

ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունները համապարփակ ուսումնասիրում են այլ երկրների փորձը ԵՄ-ի հետ համանման ռեժիմների գործարկման համատեքստում, միևնույն ժամանակ ընդգծելով՝ ցանկացած երկրի պարագայում այս գործընթացը պայմանավորված է բացառապես այդ երկրին բնորոշ առանձնահատկություններով, և հնարավոր չէ կոնկրետ երկրի փորձը հիմք ընդունել Հայաստանի կողմից վերոնշյալ ռեժիմի գործարկման համար:

Հարցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական մի շարք երկրներում կան հայկական մեծ համայնքներ, արդյոք ռիսկեր չկան, որ վիզայի ազատականացումը կխթանի արտագաղթի տեմպերի ավելացմանը, ի՞նչ զսպող մեխանիզմներ են գործելու այս առնչությամբ, ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Հայաստանն արդյունավետորեն համագործակցում է ԵՄ անդամ պետությունների հետ նաև Հայաստանի և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակներում, ինչը հնարավորություն է տալիս առավել արագ և արդյունավետ ընթացակարգերով պայքարել անօրինական միգրացիայի դեմ, մասնավորապես՝ այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում Հայաստանի կամ ԵՄ անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու պահանջները:

Գերատեսչությունից վստահեցնեւմ են՝ սույն համաձայնագիրը շարունակելու է գործել նաև վիզայի ազատականացված ռեժիմի գործարկումից հետո:

Նշենք՝ ներկայումս ԵՄ բոլոր քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման (ներառյալ՝ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման) նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: 

Ըստ էության, տպավորությունն այնպիսին է, որ  վիզաների ազատականացման գործընթացը կարծես թե քայլ առ քայլ առաջ է գնում, սակայն, այդուհանդերձ, մտապատկերում պետք է ունենալ բոլոր այն երկրների փորձը, որոնք անցել են «քարքարոտ» ճանապարհով։

Հայկ Մագոյան