Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ:
Նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին և Սիստան և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին ներկայացրել են նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները:
Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, այդ թվում նաև միջազգային հաղորդակցային ուղիների դիվերսիֆիկացման քաղաքականություն։
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է Չաբահար նավահանգստի դերն ու նշանակությունը: Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել նավահանգստում, ծանոթացել առկա հնարավորություններին և առևտրային հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ից ԻԻՀ ժամանած մասնավոր ներդրողներ, որոնք իրենց հարցերն են ուղղել իրանական կողմին, ծանոթացել գործող պայմաններին, անդրադարձել հնարավոր համագործակցության հեռանկարներին։