Հասարակություն

Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան է ներկայացվել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: 

Գրետա Թունբերգն անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Գրետա Թունբերգը մեծ հետաքրքրությամբ լսել է հատկապես շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի հայանպաստ գործունեության մասին:

Բնապահպան ակտիվիստը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գրառում կատարեց թանգարանի մատյանում: Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրերին նվիրեց Հայոց ցեղասպանության, արցախյան հիմնահարցի մասին գրքեր»,- ասվում է հաղորդագրությունում: