ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գրիգոր Բաղդասարյանին պատկանող մսային կիսապատրաստվածքի արտադրամասում (Արարատի մարզ, ք․ Վեդի) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։
Մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման սահմանված պայմանները, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը պատրաստված չի եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից։
Սահմանված չի եղել արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։
Արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցով, սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական գրքույկներ։
Մսային կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։