Հասարակություն

Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի նոր տնօրենի հետ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակությանը։

Ռուստամ Բադասյանը շնորհավորել է տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊԵԿ ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող նախագծերը, ինչպես նաև առկա խնդիրները։

Մասնավորապես քննարկվել են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը՝ շուրջ 12 մլն եվրո ընդհանուր արժեքով, Երևանում տեխնիկական հագեցվածությամբ մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը՝ շուրջ 45 մլն եվրո արժեքով և Մեղրիի (Ագարակի) սահմանային անցման կետի վերակառուցման և ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը՝ շուրջ 23,5 մլն եվրո ընդհանուր արժեքով:

Քննարկման ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու ՊԵԿ-ի և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված երկարատև և արդյունավետ փոխգործակցությունը։