ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպել են ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի հետ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին, առևտրատնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցերի։
Նարեկ Հովակիմյանը ողջունել է Երևանում Իրանի առևտրի կենտրոնի բացումը և քննարկել Իրանում հայկական ապրանքների առևտրի կենտրոն հիմնելու մանրամասները։ Կողմերը կարևորել են Երևանում ստորագրված ապրանքների փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում համագործակցության խորացումը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել մշակել նոր հարթակներ։