Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդգծել է, որ արյան պաշարները համալրելու ծրագիրը մեծ կարևորություն ունի Հայաստանի առողջապահական համակարգի համար․
«Դոնորական արյունն առաջնահերթ կարևորություն է ներկայացնում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ, ցավոք, մշակութային առումով հասարակությունը դեռ հաճախ մոբիլիզացվում է միայն սթրեսային կամ արտակարգ իրավիճակներում, երբ արյուն հանձնելու համար ստեղծվում են հերթեր։
Նախարարը շեշտել է, որ դոնորական արյուն հանձնելը պետք է մշտական պրոցես լինի, ոչ միայն՝ արտակարգ իրավիճակներում․
«Թեև չպետք է լինի կրիտիկական կամ արտակարգ իրավիճակ, որ մարդիկ սկսեն արյուն հանձնել, դա պետք է լինի մշտական պրոցես», - հավելել է նա։ Ավանեսյանը նշել է, որ արյուն հանձնելը, հատկապես՝ տարին երկու անգամ, ունի առողջապահական օգուտ հենց հանձնողների համար։
Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կբացվի նորարար արյունաբանկ, որը համալրված կլինի նորագույն սարքավորումներով։