«Կենսաթոշակառուները պետք է գոհ լինեն, որ Հայաստանում կենսաթոշակի բարձրացման համար դեռ չեն առաջարկում ատեստավորվել՝ ապացուցելու, որ լավ տատ ու պապ են»,- հեգնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ելույթ ունենալով 2025թ. բյուջեի նախագծի քննարկմանը։
Նա չի բացառել, որ այս մոտեցումը երբևէ կիրառվի. «Իհարկե, կարելի է այդ գաղափարը ներդնել․ մարդիկ ավելի լավ տատիկ ու պապիկ դառնան»:
Պատգամավորը շեշտել է, որ երկրի տնտեսությունը լավագույնս արտացոլվում է կենսաթոշակառուներին տրամադրվող կենսաթոշակի չափում։ Նազարյանը նաև մեջբերել է գերմանական հին ասացվածք՝ «խելք ունես՝ փող ունես, խելք չունես՝ փող չունես»։
Ըստ նրա՝ երկիրը խելքով կառավարելու դեպքում միայն հնարավոր կլինի տնտեսական բարեկեցություն ունենալ․ «Եթե երկիրը խելքով ենք ղեկավարում, փող կստանանք, եթե ոչ, չենք ունենա», - ընդգծել է նա։