Նոյեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Սարի Թաղում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել ու կա վիրավոր։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի ձախ կեսի դանակահարում» ախտորոշմամբ։ Ըստ աղբյուրի՝ վիրավորը Երևանի բնակիչ, 54-ամյա Տիգրան Սարգսյանն է, բժիշկները նշել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները պարզել են, որ ժամը 09:30-ի սահմաններում Սարգսյանի և վերջինիս փեսայի՝ Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Երվանդյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Երվանդյանն իր մոտ գտնվող խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Սարգսյանին:
Սայաթ-Նովա պողոտայում ոստիկանները հայտնաբերել են Երվանդյանին և տեղափոխել ոստիկանություն։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։