Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, կազմում՝ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, անդամներ Ժիրայր Կարապետյանն ու Արուսյակ Տերչանյանը, դիտարկել են ԱՄՆ նախագահական ընտրությունները։
ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը գործուղվել է Transparencia Electoral միջազգային կազմակերպության հրավերով։ ԿԸՀ նախագահը տարբեր հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի շրջանի հիմնական ընտրական պաշտոնյաների հետ, ծանոթացել Լոս Անջելեսի ընտրական համակարգին, այցելել է քվեարկության արդյունքների ամփոփման կենտրոններ։
ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է նաև Ընտրական համակարգերի միջազգային կազմակերպությունը (IFES): ՀՀ ԿԸՀ անդամները IFES-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ նոյեմբերի 3-ից 6-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել են ԱՄՆ ընտրությունների ծրագրին (USEP): Այն համախմբում է ողջ աշխարհից ժամանած 60 երկրների ընտրական մարմինների պաշտոնյաներին, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներին՝ ուսումնասիրելու ԱՄՆ ընտրական համակարգը։