Հասարակություն

«2025թ․ բյուջեն հավասարակշռված է». Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձել է 2025թ. բյուջեի նախագծին՝ հայտարարելով, որ այն հավասարակշռված է և ուղղված է կառավարության ծրագրի նպատակների իրականացմանը։

Թունյանի խոսքով՝ 2025 թվականի բյուջեն համապատասխանում է հաստատված խոստումներին, որոնք վերաբերում են 2021-2026թթ., և ամեն տարվա բյուջեն պետք է միտված լինի այդ նպատակներին։ Թունյանը նաև նշեց, որ բյուջեի ծախսերը կազմվում են սահմանափակ միջոցների շրջանակում՝ հիմնականում այն գումարներով, որոնք ստացվում են հարկերից ու այլ աղբյուրներից։

«Համոզված եմ, որ 2025թ. բյուջեն համապատասխանում է հարկաբյուջետային կանոններին և այն ամենահավասարակշռված տարբերակն է», - ընդգծեց նա։

Թունյանը նաև անդրադարձել է պետական պարտքի թեմային՝ նշելով, որ, որքան էլ ընդդիմախոսները քննադատեն պարտքի աճը, պետությունը բաց չի թողնում բարենպաստ տնտեսական քաղաքականություն վարելու հնարավորությունը․ «Պարտքը, ինչպես յուրաքանչյուր անձի մոտ, կարող է աճել, երբ մարդը դառնում է ավելի վճարունակ և ավելի լավ վիճակում է գտնվում։ Դա չի նշանակում, որ իրավիճակը վատթարացել է, դա նշանակում է, որ սոցիալական վիճակը բարելավվել է», – եզրափակել է նա։

Թունյանը հավելել է, որ 2025թ. կապիտալ ծախսերը գերազանցում են բյուջեի պակասորդը, ինչը ցույց է տալիս, որ կառավարությունը կենտրոնանում է երկարաժամկետ կայունության ապահովման վրա։