Հասարակություն

«7 մլն դոլար ներդնելով ողջ տիեզերքը նվաճելը կլիներ անմտություն». նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ArmSat-1 արբանյակին։ Նախարարն ընդգծել է, որ արբանյակն ուղեծիր ուղարկելը չէր նշանակելու բոլոր խնդիրների լուծում, այլ նպատակն էր տիեզերական ոլորտում գործունեության մեկնարկ տալ։ Ըստ նրա՝ խոսքը տեսալուսանկարահանող արբանյակի մասին է․ 

«Առաջին անգամն է, երբ նորանկախ պատմության ընթացքում ունենք ոչ միայն արբանյակ, այլև հնարավորություն ենք ստանում այն կառավարելու, ձեռք բերելու կառավարման հմտություններ։ Այսօրվանից մեր մասնագիտական թիմերն ամբողջությամբ ստանձնել են ArmSat-1 արբանյակի կառավարումը», — ասել է նախարարը։

Նա հավելել է, որ ArmSat-1 արբանյակը կատարում է տիեզերական լուսանկարներ՝ կոնկրետ լուծաչափերով։ Նախարարը նշել է, որ այդ լուծաչափերը չեն կարող համադրելի լինել միլիարդավոր դոլարների արժեք ունեցող սարքերից ստացված որակի հետ, սակայն Հայաստանը սկզբից չի հռչակել այդպիսի բարձր նպատակ։

Ըստ Հայրապետյանի՝ «7 մլն դոլարի ներդրմամբ ամբողջ տիեզերքը նվաճելը կլիներ անմտություն»։