Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ իր համար անհասկանալի է՝ կադաստրի կոմիտեն ինչ հիմքով և ինչ քարտեզի հիման վրա է ֆիզիկական անձանց համար Տավուշում անշարժ գույքի նկատմամբ իրավունք գրանցել այն հատվածներում, որոնք հետո սահմանազատման ժամանակ դարձան խնդրահարույց։
Փոխվարչապետը վստահեցրել էր նաև, որ սահմանից 5 կմ հեռավորության վրա չի կարելի սեփականության իրավունք գրանցել, բայց 2004թ. ի վեր տեղի է ունեցել հակառակը։ «Դրան պետք է տրվի իրավական գնահատական»,- ասել էր նա։
Մինչ կատարվածին կտրվի իրավական գնահատական, Radar Armenia-ն Կադաստրի կոմիտեին մի քանի հարց է ուղարկել՝ պարզելու, թե
Տավուշի այն հատվածներում, որտեղ սահմանազատում տեղի ունեցավ, կոմիտեն ինչ քարտեզներով է անշարժ գույքի իրավունք գրանցել։
2004թ․ վեր կադաստրի կոմիտեն Տավուշի վերը նշված հատվածներում ինչ քարտեզներով է անշարժ գույքի իրավունք գրանցել, որոնք սահմանազատման ժամանակ խնդրահարույց էին։
Կադաստրի կոմիտեն պետական սահմանից քանի կմ հեռավորության վրա իրավունք ունի անշարժ գույքի իրավունք գրանցել։
Կադաստրի կոմիտեի տրամադրած պատասխանում նշվում է, որ 1998-2005 թվականներին Հայաստանի տարածքում իրականացվել են կադաստրային քարտեզագրման աշխատանքներ՝ նպատակ ունենալով ստեղծել անշարժ գույքի պետական գրանցման համակարգ։ Դրանք իրականացվել են լիցենզիա ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից և փոխանցվել Կադաստրի կոմիտե։
2004 թվականից սկսած՝ Կադաստրի կոմիտեն հիմք է ընդունել արդեն պատրաստված կադաստրային քարտեզները՝ իրականացնելով անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումներ։
Կադաստրի կոմիտեն նաև տեղեկացնում է, որ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ սահմանային գոտին այն տարածքն է, որը սկսվում է Հայաստանի պետական սահմանից և դեպի երկրի խորքը տարածվում 5 կմ լայնությամբ։ Սահմանային շերտը կազմված է այդ գոտու մասից, որը անմիջապես սահմանին կամ սահմանային ջրերի ափերին է՝ 1 կմ լայնությամբ։
ՀՀ հողային օրենսգրքի համաձայն՝ որոշակի հողամասեր, այդ թվում՝ հատուկ նշանակության հողերը, չեն կարող փոխանցվել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով։ Այդպիսի հողերը ներառում են պաշտպանական, սահմանային, ռազմական նշանակության տարածքները, ինչպես նաև օրենքով պաշտպանվող շենքերի ու շինությունների օգտագործման համար տրամադրված հողամասերը։
Կադաստրի կոմիտեն նաև նշում է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգը սահմանված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով։ Ըստ այդ օրենքի 8-րդ հոդվածի՝ գրանցման հիմք են հանդիսանում միայն իրավահաստատող փաստաթղթերը։
Հայկ Մագոյան