Հասարակություն

Քննչական մարմինների ղեկավարների ու տեղակալների համար առանձին մեխանիզմ կգործի

ՀՀ Կառավարությունն առաջարկում է քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների համար սահմանել կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ: ԱԺ  պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացվել է ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը հայտնել է, որ Քննչական կոմիտեում և Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կանոնները սահմանված են «Քննչական կոմիտեի մասին» և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքներով: Վերոնշյալ օրենքներով, սակայն, նշված մարմինների ղեկավարներին և տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերի մասով հատուկ կարգավորումներ սահմանված չեն: Արդյունքում, վերջիններիս նկատմամբ տարածելի են դառնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ընդհանուր կարգավորումները, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել ընթացակարգային անհստակությունների:

Հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել օրենսդրական փաթեթը: