Միսը սպիտակուցի և այլ սննդանյութերի կարևոր աղբյուր է, սակայն դրա չարաշահումը կարող է մի շարք առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Որպեսզի դա տեղի չունենա, բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել կարմիր մսի օգտագործումը շաբաթական 500-600 գրամով: Այս մասին Gazeta.Ru-ին ասել է «Մեդիցինա» ԲԲԸ-ի (ակադեմիկոս Ռոյտբերգի կլինիկա) գաստրոէնթերոլոգ Եվգենի Բելոուսովը։
«Կարմիր մսի, հատկապես վերամշակված մսի մեծ քանակությամբ կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել հաստ աղիքի քաղցկեղի առաջացմանը: Միսը տապակելիս կամ ապխտելիս կարող են առաջանալ քաղցկեղածին նյութեր, ինչը նույնպես այն պակաս անվտանգ է դարձնում առողջության համար»,- ասել է բժիշկը։
Բացի այդ, մսի մեջ հագեցած ճարպերի մեծ պարունակությունը կարող է բացասաբար անդրադառնալ սրտանոթային համակարգի առողջության վրա։ Այս ճարպերի մեծ քանակությամբ ուտելը բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և կարող է հանգեցնել աթերոսկլերոզի զարգացմանը:
«Մսի որակը նույնպես կարևոր դեր է խաղում։ Հատկապես մտահոգիչ են վերամշակված միսը, ինչպիսիք են երշիկեղենը, որոնք հաճախ պարունակում են հավելյալ կոնսերվանտներ և հագեցած ճարպեր: Ավելի լավ է ընտրել ցածր յուղայնությամբ միս, ինչպես նաև ձեր սննդակարգում ներմուծել սպիտակուցի ավելի շատ բուսական աղբյուրներ՝ հատիկներ, ընկույզներ և սերմեր: Սա կօգնի նվազեցնել ռիսկերը և բարելավել ընդհանուր առողջությունը»,- նշել է բժիշկը։