Հասարակություն

Մեկնարկել է ուսուցիների կամավոր ատեստավորումը. նախարարն այցելել է Աշտարակի քննական կենտրոն

Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարի իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Ատեստավորման փուլի առաջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Երևանի և ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման 35 կենտրոններում իրականացվում է «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց: Նախարարը շրջել է քննական սենյակում, զրուցել ուսուցիչների հետ ատեստավորման անցկացման նոր՝ էլեկտրոնային եղանակի մասին և հաջողություն մաղթել նրանց:

Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել են գերարագ ինտերնետային կապով: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել է ավելի քան 6 հազար մանկավարժ:

Կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-24-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Նոր ձևաչափով անցկացվող ատեստավորման ընթացակարգին ծանոթանալու և քննությանը նախապատրաստվելու նպատակով ուսուցիչները քննական կենտրոնում պետք է լինեն մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:

Քննական յուրաքանչյուր կենտրոնում ուսուցիչները կստանան տեխնիկական աջակցություն՝ համակարգ մուտք գործելու և այլ հարցերով, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։