Հասարակություն

Կրակոց՝ «Վեդի ալկո» գործարանում․ կա վիրավոր

Նոյեմբերի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղում կրակոց է հնչել և վիրավորը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ստացած օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված գյուղում գործող Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Վեդի ալկոյի Մանվել» մականվամբ Մանվել Ղազարյանին պատկանող «Վեդի ալկո»-ի տարածքում է հրազենային վնասված ստացել քաղաքացին։

Քրեական ոստիկանության ծառայողները պարզել են, որ «Աստղիկ» բժկական կենտրոն տեղափոխվածը Երևանի բնակիչ, 49-ամյա Սերգեյ Հ․-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։ Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 01։40-ի սահմաններում, Սերգեյ Հ․-ին, ըստ նախնական տեղեկությունների, հրազենային վնասվածք է պատճառել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 49-ամյա Գառնիկ Խ․-ն՝ «Վեդի ալկո» ընկերության տարածքում։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ոստիկանների կողմից տարած բացատրական աշխատանքների շնորհիվ Գառնիկ Խ․-ն ներկայացել է Երևան քաղաքի վարչություն՝ իր հետ բերելով նաև հանցագործության գործիք համարվող հրազենը։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։