Հասարակություն

Սպիտակցիներին հավաստագրեր տրամադրելու գործընթացը քննարկման փուլում է

Շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, որ Սպիտակի «Գերմանական» թաղամասի բնակիչների համար բնակապահովման խնդիրը լուծելու նպատակով հավաստագրեր են տրամադրվում։ Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ Սպիտակի «Գերմանական» թաղամասի բնակիչների համար բնակապահովման խնդիրը լուծելու նպատակով հավաստագրերի տրամադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել։

«Գործընթացը քննարկման փուլում է, և շրջանառվում է կառավարության որոշման նախագիծ»,- նշված է համայնքապետարանի տրամադրած պատասխանում։

Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարի 10-ի դրությամբ համայնքների կողմից հաստատվել են պետական կամ համայնքային հողամասերի վրա տեղադրված տնակների և դրանք տնօրինող անձանց ցուցակները (4068 տնակ, որոնցից 2964-ը՝ Շիրակում, 1104-ը՝ Լոռիում): Հաստատված ցուցակների հիման վրա կատարվել է համապատասխան ֆինանսական պլանավորում 2024-2026թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում և 2024թ. պետբյուջեի նախագծում․ հայտնել են կոմիտեից։

Քաղաքաշինության կոմիտեն նշել է, որ 2024-2027թթ. նախատեսվում է ծրագրերի իրականացում՝ տարածքների տնակներից ազատում և ապամոնտաժում, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման պետական աջակցության ցուցաբերում տնակներում բնակվող ընտանիքների համար՝ կախված նրանց կարգավիճակից և տնակում հայտնվելու հիմքերից:

Հայկ Մագոյան