Հասարակություն

Ֆասթեքսի ներկայացուցիչները կրթական նախաձեռնություններով են հանդես եկել Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանում

Օրերս Վենետիկի հնագույն պալատ հանդիսացող Կա՛ Ֆոսկարի համալսարանում տեղի է ունեցել դասընթաց, որի գլխավոր բանախոսն էր Ֆասթեքսի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը: Դասը, որը վարում էր Բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, մեծ հաջողություն է ունեցել ուսանողներին տալով լայն պատկերացումներ բլոկչեյն տեխնոլոգիայի և Web3-ի զարգացող ոլորտի մասին:

Իր՝ «NFT-ների և մշակութային ժառանգության պահպանումը թվային դարաշրջանում» թեմայով ելույթի ընթացքում Խաչատրյանն ուսանողներին հաղորդակից է դարձրել ոլորտում ունեցած իր մեծ փորձին՝ անդրադառնալով բլոկչեյն տեխնոլոգիայի ընձեռած հնարավորություններին և տարբեր ոլորտների վրա դրա հեղափոխական ազդեցությանը։ Նա ներկայացրել է Web3-ի փոխակերպող ներուժը՝ ընդգծելով այս առաջընթացը հասկանալու և ընդունելու կարևորությունը:

«Ֆասթեքսը, որպես Web3 ընկերությունների խումբ, ունի իր ուրույն ազդեցությունն արվեստի ոլորտում, հատկապես ԱԿՆ նախագծով», -  հայտարարել է Խաչատրյանը։ «Ֆասթեքսի միջոցով մենք համագործակցում ենք համալսարանների հետ, այդ թվում Կա՛ Ֆոսկարի համալսարանի հետ, որպեսզի ուսանողներին նաև հասանելի դարձնենք Web3-ը, տեխնոլոգիաները, և թե դրանք ինչպես կարող են ազդեցություն ունենալ արվեստի և այլ հումանիտար ոլորտների վրա»:

Դասընթացի մոդերատոր պրոֆեսոր Հարությունյանը բարձր է գնահատել նախաձեռնությունը՝ ընդգծելով ոլորտի առաջատարների և ակադեմիական շրջանակների միջև նման փոխգործակցության կարևորությունը․ «Վենետիկի համալսարանը շատ է կարևորում հանրային ներգրավվածության շրջանակում իրականացնել ավանդական դասընթացներին զուգահեռ սեմինարներ, հանդիպումներ: Եվ մեր այսօրվա միջոցառումը Ֆասթեքս ընկերության ներկայացուցիչների հետ գալիս է լրացնելու այդ շրջանակում տեղի ունեցող միջոցառումների շարքը: Շատ կարևորում ենք մեր համագործակցությունը Ֆասթեքս ընկերության հետ», - նկատել է նա:

Կա՛ Ֆոսկարի համալսարանի շրջանավարտ և Ֆասթեքսի Մարքեթինգի բովանդակության նախագծերի համակարգող Նարե Հարությունյանն ուսանողներին պատմել է իր անցած ուղու մասին՝ ոգեշնչելով նրանց հումանիտար գիտելիքները լավագույն ձևով կիրառել այս արագ փոփոխվող թվային աշխարհում:

Այդ համագործակցության շրջանակում օրեր առաջ Վենետիկի Ջուզեպպե Պարինի ավագ դպրոցի աշակերտները բացառիկ հնարավորություն էին ունեցել այցելելու Վենետիկի AKNEYE ֆիջիթալ սփեյս և զրուցելու նկարչուհի Մարգարիտա Զախարովայի հետ: Աշակերտները նաև նկարել են Ակնուլունքի վրա, որը հետագայում որպես հատուկ նվեր տրվել է դպրոցին։

Fastex-ը՝ իր AKNEYE նախագծով, խթանում է շարունակական կրթական գործակցությունը: Հաշվի առնելով Վենետիկում ընթացող Բիենալեն՝ նման նախաձեռնություններն ավելի մեծ նշանակություն ունեն, քանի որ միավորում են տեխնոլոգիան ու գեղարվեստական կրթությունը և բարձրացնում են ոլորտների վերաբերյալ իրազեկվածությունը երիտասարդների շրջանում: