Օրերս հայտնի դարձավ, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում առաջին անգամ էգ ընձառյուծ (լեոպարդ) է հայտնվել, որը Հայաստանի միակ էգ ընձառյուծն է։ Ընձառյուծը շատ զգուշավոր կենդանի է և դա է պատճառը, որ այսքան ժամանակ Հայաստանում էգ առանձնյակ չի եղել։
Radar Armenia-ն փորձել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրից պարզել, թե Հայաստանում այս պահին քանի ընձառյուծ կա։
ՊՈԱԿ-ի գիտության և տուրիզմի բաժնի գլխավոր մասնագետ Մարիա Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընձառյուծների քանակային տվյալները չեն հրապարակվում․
«Գաղտնիության նպատակը պահպանությունն ու անվտանգության ապահովումն է՝ հետագայում կենդանատեսակների որսի կանխարգելման նպատակով։ Վերջերս «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում առաջին անգամ էգ ընձառյուծ է հայտնվել, որը Հայաստանի միակ էգ ընձառյուծն է։ Դա մեծ ոգևորություն է մեզ համար, քանի որ տվյալ տեսակը հնարավոր է՝ բազմանա Հայաստանի տարածքում։ Նպաստավոր պայմանների դեպքում հնարավոր է՝ բազմացում լինի, և հետագայում տեսակի քանակային տվյալը բարելավվի»։
Նրա խոսքով՝ ընձառյուծի պահպանության ծրագիր է իրականացվում բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ, որին մասնակցում են նաև շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ները՝ համատեղ իրականացնելով մշտադիտարկում, որպեսզի վերահսկվի, թե Հայաստանի տարածքում, կախված սեզոնից, քանի ընձառյուծ է գտնվում։
Հարցին՝ Հայաստանի բնակլիմայական պայմանները ընձառյուծների բազմացման համար նպաստավո՞ր են, «Զանգեզուր» կենսոլորտային համալրիրից պարզաբանեցին, որ ընձառյուծների կենսակերպի համար Հայաստանում նպաստավոր պայմաններ կան. «Առաջին նախապայմանը կեր հանդիսացող տեսակների առկայությունն է։ Ընձառյուծի համար կեր հանդիսացող տեսակների մեծ մասի (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, մացառախոզ կամ Կարմիր գրքում չգտնվող վայրի խոզ, եվրոպական այծյամ) առկայության պարագայում այս տեսակը, բնականաբար, կարող է բազմանալ։ Բայց մենք ունենք այլ խնդիր, որը կապված է սահմանի հետ։ Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ ռազմական գործողություններն անխուսափելի են, և առաջնահերթ է, որպեսզի ոչ միայն Հայաստանը, այլև մեր տարածաշրջանում բոլորը գիտակցեն, որ բնությունը չունի սահմաններ։ Կենդանին սահման չի ճանաչում»,- ասաց Պետրոսյանը։
Ըստ նրա՝ եթե կարողանանք տարածաշրջանում համատեղ ապահովել անվտանգությունը, բնականաբար, կենդանատեսակի համար բազմացման պայմանները ավելի լավ կլինեն։
Հայկ Մագոյան