Նոյեմբերի 4-ից մեկնարկել է էկոպարեկային ծառայությունը համալրող աշխատակիցների ընտրության մրցույթը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ ստեղծվող էկոպարեկային ծառայության աշխատակիցների առավելագույն քանակը լինելու է 1176։
Նշենք, որ էկոպարեկային ծառայության գործարկմամբ կարգավորվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացման օրենսդրությամբ սահմանված գործառույթը։
Կիրակոսյանի խոսքով՝ կենտրոնական ապարատը կազմված է լինելու 114 աշխատակցից։
Էկոպարեկների հստակ թվաքանակը լինելու է 1046, որից շուրջօրյա պաշտպանություն իրականացնող աշխատակիցների թվաքանակը՝ 801։
Սյունիքի էկոպարեկային ծառայությանը մոտ 510 մլն դրամ կհատկացվի
Էկոպարեկային ծառայությանն իր աշխատանք իրականացնելու է Կենտրոնական վարչական ապարատի ստորաբաժանումների և ՀՀ 7 մարզային վարչությունների՝ 25 տեղամասերի միջոցով։
Որոշ մարզեր, որոնք քիչ անտառային պետական տարածքներ ունեն, միավորվել են, օրինակ Երևանն ու Արմավիրի մարզը, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերը, Արարատի և Վայոց Ձոր մարզերը և այլն։
Ծառայությունն ունենալու է օպերատիվ կառավարման կենտրոն։ Անտառներում և բնության պահպանվող հատուկ տարածքներում լինելու են տեսանկարահանող սարքեր, ձայնային և ծխի տվիչներ, որոնց միջոցով առաջին ազդանշանը փոխանցվելու է օպերատիվ կառավարման կենտրոն։
«Կենտրոնի աշխատակիցներն իրենց էկրաններին արդեն տեսնելու են, թե որ էկոպարեկներն են տարածքին ամենամոտը և կարող են կանխել կամ հնարավորինս շուտ կասեցնել, օրինակ, հրդեհը կամ ապօրինի գործունեությունը։ Բոլոր տեղամասերն ունենալու են դրոններ։ Եթե անտառներից օպերատիվ կառավարման կենտրոն փոխանցվող ազդանշանը լինի խորը անտառմիջյան հատածից, և մեքենայով հասնելը երկար տևի, պարեկները փորձելու են դրոնով հասկանալ, թե ինչ է տարածքում կատարվում»,-նշեց Կիրակոսյանը։