Կառավարությունը հավանություն է տվել Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Այն կուղարկվի ՍԴ՝ փաստաթղթի սահմանադրականությունը որոշելու նպատակով։
Ըստ որոշման հիմնավորումների՝ կոնվենցիաները հիմք են հանդիսացել մշտական արբիտրաժային դատարանի ստեղծման համար։
«Դատարանին Հայաստանի անդամակցումը լիովին համահունչ կլինի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու և դիվանագիտական լուծումներն առաջ տանելու՝ Հայաստանի հանձնառությանը։
Հարկ է նկատել նաև, որ այս պահին Հայաստանի մասնակցությամբ դատարանում քննվում է երկու միջպետական և մեկ ներդրումային վեճ՝ տարբեր միջազգային պայմանագրերի ներքո:
Դատարանին անդամակցությունը հնարավորություն կտա նաև ազգային մակարդակում իրենց գործունեությունը ծավալող իրավաբանների թեկնածությունն առաջադրել որպես արբիտր, այդ թվում՝ միջպետական վեճերի լուծման համար»,- ասված է որոշման նախագծի հիմնավորումներում: