Հասարակություն

Գերմանիան հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի համար

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին։ Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարը շնորհավորել է տիկին Բուշին նշանակման առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման։

«Գերմանիայի կառավարությունը հուսալի և կարևոր գործընկեր է Հայաստանի և մասնավորապես՝ մեր ոլորտային բարեփոխումների համար։ ՀՀ կառավարությունը հետամուտ է գերմանական կողմի հետ իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետ ընթացքին և պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը»,- նշել է նախարարը։

Տիկին Բուշն, իր հերթին, շնորհավորել է ՀՀ կառավարությանը, մասնավորապես՝ Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Կենսաբազմազանության կողմերի համաժողովը` COP17-ը հյուրընկալող երկիր ընտրվելու առթիվ։

«Ինչպես Հայաստանի, այնպես էլ Գերմանիայի բնապահպանական օրակարգում կենսաբազմազանության պահպանությունն առաջնահերթություն է, և մենք կարող ենք համագործակցել համաժողովի կազմակերպման և նախապատրաստական աշխատանքներն իրականացնելիս»,- նշել է նախարար Սիմիդյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանը, քննարկվել է հնարավոր համագործակցության հնարավորությունը։ Կողմերն անդրադարձել են Գերմանիայի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ծրագրերին։

Մասնավորապես՝ քննարկվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային ամենամեծ ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն ներկայումս կազմում է 26,2 միլիոն եվրո։ Ծրագիրը նախատեսում է երկու բաղադրիչ՝ կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում, անտառների պահպանություն և կայուն կառավարում։

Նախարարը նշել է, որ Կենսաբազմազանության կողմերի համաժողովն հյուրընկալելու շրջանակում պետք է կրկնապատկել և առավել կենտրոնացնել ջանքերն այս ուղղությամբ։ Քննարկվել է նաև ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը։ Սիմիդյանն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնել գործակցությունը բոլոր հնարարավոր ուղղություններով։