Հասարակության արմատացած կարծրատիպերից է, որ յուրաքանչյուր ընտանիքում պարտադիր պետք է տղա երեխա լինի։ Յուրաքանչյուր մարդ հաստատ կունենա՝ ծանոթ-անծանոթ, հեռու-մոտիկ բարեկամ-հարևաններ, որոնք ասած կլինեն՝ ընտանիքը լիարժեք է կամ ընտանիքը ընտանիք է, երբ այդ տանը տղա երեխա կա։ Ցավալին այն է, որ շատ զույգեր համակարծիք են այս տեսակետի հետ։
Նման մտածողությունը տասնամյակների, գուցե՝ հարյուրամյակների վաղեմություն ունի և այնքան խորը արմատներ է գցել, որ շատ ընտանիքներ ամենատարբեր պատճառաբանություններ են առաջ քաշում՝ «արդարացնելով» տղա երեխա ունենալու կարևորությունն ու ստորադասելով աղջիկ երեխա ունենալու՝ ոչ պակաս կարևոր հանգամանքը։ Օրինակ, ինչ են ասում կամ ինչպես են արդարացնում աղջիկ երեխա չունենալը․ «գենը շարունակողը տղան է», «օջախի ծուխը վառ պահողը տղան է» և այլն։
Հոկտեմբերի 17-ին կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ Հայաստանում վերջին տասնամյակներում շուրջ 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել սելեկտիվ աբորտների պատճառով։ Ըստ նախարարի՝ շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, որը բնակչության կառուցվածքում էական ազդեցություն է թողել։
Radar Armenia-ն առողջապահության և սոցհարցերի նախարարություններ հարցումներ էր ուղարկել՝ պարզելու, թե ամեն տարի քանի աղջիկ երեխա չի ծնվել սելեկտիվ աբորտի պատճառով, որոնք են այդ քայլին գնալու պատճառները, հիմնականում ինչ տարիքի կանայք են դիմում նման քայլի, և, վերջապես, ինչ է արվում՝ կանխելու սելեկտիվ աբորտները։
Նշենք, որ սոցհարցերի նախարարությունից հարցումը վերահասցեավորել են ԱՆ, որտեղից էլ ստացել ենք պատասխանները։
Ամեն տարի քանի՞ աղջիկ երեխա չի ծնվել սելեկտիվ աբորտի պատճառով
Սելեկտիվ աբորտների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը բացակայում է, քանի որ դրանք արգելված են օրենքով, և հետևաբար, բժշկական փաստաթղթերում չեն կարող առկա լինել նման տվյալներ։ Սելեկտիվ աբորտների մասին վկայում է նորածինների սեռերի հարաբերակցության ցուցանիշը։ Այս երևույթը դրսևորվում է նորածինների սեռերի բնական հավասարակշռության 104-106 տղա՝ 100 աղջկա դիմաց խախտմամբ, իսկ տարածվածությունը գնահատվում է այս ցուցանիշի միտումների միջոցով, որի նկատմամբ մոնիտորինգն իրականացվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից և հրապարակվում պաշտոնական տեղեկագրերում։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների՝ այս ցուցանիշը սկսել է շեղվել 1990 թվականից ի վեր` վաղ 2000-ականներին կազմելով 120 նորածին տղա՝ 100 աղջկա հաշվով։ Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ազգային ծրագրին նախորդող տարում՝ 2012 թվականին, նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմել է 115 տղա` 100 աղջկա դիմաց: Հաջորդիվ, ցուցանիշը արձանագրել է նվազման որոշակի միտում։
Ի՞նչն է սելեկտիվ աբորտների հիմնական պատճառը
Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից 2013թ․ իրականացված հետազոտության տվյալների՝ Հայաստանում առկա են սեռով պայմանավորված հղիության ընդհատման 3 հիմնական նախապայման․
- Հայաստանյան հասարակությունը տղա երեխաներին գերադասում է աղջիկներից,
- Երկրում հասանելի են բժշկական տեխնոլոգիաներ, որոնք ապագա ծնողներին թույլ են տալիս նախապես իմանալ երեխայի սեռը և խուսափել անցանկալի աղջիկ երեխաների ծնունդից,
- Արձանագրվում է ծնելիության շարունակական անկում, զույգերը նախընտրում են քիչ երեխաներ ունենալ, որի պայմաններում երկու սեռի երեխաներ ունենալու հավանականությունը նվազում է։
Հիմնականում ի՞նչ տարիքի կանայք են դիմում նման քայլի
Ըստ կանանց տարիքային խմբերի, սելեկտիվ աբորտների վերաբերյալ տվյալներ առկա չեն (պարզաբանումը նշվել է առաջին կետում)։
Ի՞նչ է արվում՝ կանխելու սելեկտիվ աբորտները
Սելեկտիվ աբորտները կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ունեն մեկ տասնամյակից ավելի պատմություն։ Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների խնդրի մասին առաջին անգամ բարձրաձայնվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ 2011 թվականին։ Հաջորդիվ, 2013 թ․ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի կողմից պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատման խնդիրը գնահատվեց խնդրահարույց և Հայաստանին ու տարածաշրջանային մի շարք երկրների հանձնարարվեց անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակի բարելավման համար]:
Հայաստանի հանրությունն իրազեկվեց սեռով պայմանավորված պտղի խտրական ընտրության հետևանքով նորածինների սեռերի խախտված հարաբերակցության խնդրի մասին, որին հաջորդեց դրա ներառումը Մոր և մանկան առողջության պահպանման և գենդերային բռնության դեմ պայքարի ռազմավարական ծրագրերում:
Միջսեկտորալ ակտիվ համագործակցությամբ 2014թ. մշակվեց և կառավարության կողմից հաստատվեց իրավիճակի բարելավմանն ուղղված 2015-2017թթ. գործողությունների ծրագիրը, որի շրջանակներում 2016թ. հունիսին Ազգային ժողովի կողմից հաստատվեց սեռով պայմանավորված աբորտների արգելքի վերաբերալ կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փոփոխության փաթեթը՝ այդպիսով ազգային քաղաքականության մակարդակով կատարելով նաև պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1829 բանաձևում տեղ գտած միջազգային պարտավորությունը։
Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության, ինչպես նաև միջազգային ու հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի մշտադիտարկման զեկույցներն արձանագրում են, որ Հայաստանը խնդրի կարգավորման նպատակով որդեգրել է համապարփակ քաղաքականություն՝ օրենսդրական սահմանափակումների և իրավական կարգավորման նախաձեռնությունները զուգորդելով հասարակության իրազեկմանը, աղջիկ երեխայի արժևորմանը, խտրականության ու կարծրատիպերի փոփոխմանը, մարդկային կապիտալի և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանն ուղղված միջոցառումներով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում պտղի խտրական ընտրության պատճառները բազմագործոն են, ՆՍԱ կանխարգելման և ՍԱ երևույթի դեմ միջսեկտորալ համագործակցությամբ իրականացված պայքարում կիրառվել է համալիր մոտեցման սկզբունքը։
2015-2017թթ․ ազգային ծրագրի միջոցառումները միաժամանակ ուղղվել են․
- Հանրային իրազեկման աշխատանքներին և հասարակության մեջ աղջիկ երեխաների արժևորմանը։
- Ծնելիության ցուցանիշների բարելավմանը, այդ թվում՝ աղջիկ երեխաների ծննդի խրախուսմանը։
- Պտղի խտրական ընտրության խնդրի նվազեցմանն ուղղված օրենսդրական կարգավորումների և մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը։
Իրականացված աշխատանքների արդյունավետությունն ակնհայտ էր, մասնավորապես, համայնքային իրազեկման և գենդերային կարծրատիպերի մեղմման, այդ թվում՝ աղջիկ երեխաների արժևորման համատեքստում։ 2012թ․ համեմատ ՆՍԱ գործակիցը 2021թ․ կրճատվեց ավելի քան 1/3-ով` մոտենալով բնականոն հարաբերակցությանը (2012թ․՝ 100։115, 2021թ․՝ 100։108,8)՝ ըստ փորձագիտական գնահատականների, 2012 թվականին հաջորդող յուրաքանչյուր տարի կրճատվելով գրեթե 1 միավորով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր տարի՝ նախորդ տարվա համեմատ, շուրջ 200 աղջիկ ավելի է ծնվել, իսկ գումարային հաշվարկով 2013-2021թթ․ ընթացքում ծնված ապագա մայրերի թիվը կազմել է շուրջ 6000։
ԱՍՀՆ և ԱՆ նախարարների՝ 2020թ․ համատեղ հրամանով հաստատվել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի 2020-2023թթ․ ծրագիրը, որի հիմնական նպատակն է՝ կանխարգելել սեռով պայմանավորված խտրական ընտրությունը և պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, նվազեցնել նորածինների սեռերի բնականոն հարաբերակցության շեղումը, բարձրացնել աղջիկ երեխայի/կնոջ դերը հասարակությունում։ Համալիր ծրագրի միջոցառումները համախմբված են ըստ երեք գերակա ուղղությունների`
- Գերակայություն 1. Փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակում.
- Գերակայություն 2. Կարողությունների ձևավորում.
- Գերակայություն 3. Հանրային իրազեկում:
Հայկ Մագոյան