Հասարակություն

«Դա հորեղբորս բիզնեսն է, ես կապ չունեմ». նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, թե «Լիաննա գարդեն հոլ»-ն իր հորեղբոր բիզնեսն է, և յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս։ Հիշեցնենք՝ երեկ ՊԵԿ-ը հայտնել էր այդ ընկերությունում 100 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք բացահայտելու մասին։

«Կարդացեք ՊԵԿ-ի հայտարարությունը։ Այն, ինչ գրված է, գրված է։ Ես առհասարակ չեմ խառնվում այդ գործերին, ընդհանրապես կապ չունեմ այդ բիզնեսի հետ։ Իմ հորեղբոր բիզնեսն է, նա զբաղվում է բիզնեսով դեռ 2000-ականներից առաջ։ Եթե չեմ սխալվում, համադրումների խնդիր է եղել, և վերականգնվել է։ Բայց դա իմ խնդիրը չէ»,- նշել է նա։

Լրագրողի դիտարկմանը, թե ստվերային շրջանառության դեպքը վերաբերում է իր ընտանիքին պատկանող բիզնեսին, նախարարն արձագանքել է․ «Իմ ընտանիքը շատ ավելի մեծ է։ Ավելի շատ անդամներ դուք կարող եք տեսնել, հետևաբար յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս»։