Հասարակություն

ՀՀ հայցով Արդարադատության միջազգային դատարանի վճիռը՝ նոյեմբերի 12-ին

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադերբեջանի կողմից ներկայացված նախնական առակություների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր վճիռը 2024 թվականի նոյեմբերի 12-ին. այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Հրապարակային նիստը կանցկացվի ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում Դատարանի Նախագահ, Դատավոր Նավաֆ Սալամը կկարդա Դատարանի վճիռը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ:

2023 թվականի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և Դատարանի կանոնակարգի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գործի վարույթը կասեցվեց մինչև նշված նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի որոշման հրապարակումը:

2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Դատարանի Նախագահի սահմանված ժամկետում Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ:

Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանը կհրապարակի իր վճիռը՝ Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի գործով՝ Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ: