Հասարակություն

ԱԺ թանգարանում կլինեն «Հոկտեմբերի 27»-ի զոհերի մասին նյութեր

ԱԺ թանգարանի տարածքն ընդլայնելու աշխատանքների ավարտից հետո այնտեղ կներկայացվեն 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի վերաբերյալ նյութեր. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են խորհրդարանից։

Հարցին, թե ինչն է պատճառը, որ ԱԺ-ի թանգարանում ոչ մի հիշատակում չկա 1999թ. հոկտեմբերի 27-ին պետության դեմ կատարված ահաբեկչության մասին, ԱԺ-ից պատասխանել են, որ թանգարանի տարածքը փոքր է և հնարավորություն չի տալիս ցուցադրել մի շարք նյութեր:

«ՀՀ Ազգային ժողովի թանգարանի տարածքը փոքր է և հնարավորություն չի տալիս ցուցադրել մի շարք նյութեր: Այս պահին թանգարանի տարածքն ընդլայնելու աշխատանքներ են ընթանում: Աշխատանքների ավարտից հետո թանգարանում կներկայացվեն 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի վերաբերյալ նյութեր»,- ասված է պատասխանում:

Նշենք, որ ԱԺ թանգարանը հիմնադրվել է 2018թ. հետո։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով այս խնդրին, գրել էր. «2018թ. ԱԺ-ում հիմնադրվել է ԱԺ-ի թանգարան, որտեղ ոչ մի փաստ չկա մեր պետականության դեմ 1999թ. հոկտեմբերի 27-ին այնտեղ կատարված ողբերգության մասին: Ի՞նչ որակում, գնահատական կարելի է տալ այս փաստին»:

Հայկ Մագոյան