Հասարակություն

«Դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության հասանելիության». վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» համաժողովում կիսվել է իր մտքերով սոցիալական արդարության ամենաֆունդամենտալ, կարևոր գործոնի վերաբերյալ, որը նաև պատասխանում է հարցին, թե ինչ է պետք անել, ինչ պայմաններ է պետք ապահովել սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար։

Վարչապետի կարծիքով՝ սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար.

«Դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության։ Որովհետև այն բոլոր պրոբլեմները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական արդարության կամ սոցիալական ոլորտում, դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այստեղ կրթությունը պետք է ընկալել ավելի լայն համատեքստում։