Հասարակություն

Իրանից սահմանի փշալարի վրայից թմրանյութ են նետել. կան կալանավորվածներ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր շղթայում ներգրավված անձանցից երկուսի ինքնությունը:

Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի 62-ամյա բնակիչը 2024 թվականի հոկտեմբերի 29-ին՝ժամը 06։30-ի սահմաններում, իր կողմից վարվող «HONDA ACCORD» մակնիշի ավտոմեքենայով հայ-իրանական սահմանի մոտից վերցրել է ԻԻՀ կողմից փշալարային ցանցի վրայով ՀՀ տարածք նետված 4 փաթեթ «Մարիխուանա» և 10.55 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք պահել է իր կողմից վարվող ավտոմեքենայի բեռնախցիկում և ապօրինի իրացնելու նպատակով տեղափոխել:

Կատարված բազմաթիվ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 13.30-ին, Վայոց ձորի մարզի նշված բնակիչը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել է, իսկ առանձնապես խոշոր չափերով վերը նշված թմրամիջոցներով փաթեթները տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են:

Պարզվել է, որ տղամարդը հիշյալ թմրամիջոցները պետք է տեղադրեր դրանք փշալարի վրայով ՀՀ տարածք նետած, քննությամբ դեռևս չպարզված անձի՝ ԻԻՀ քաղաքացու կողմից նախընտրած թաքստոցում՝ այլ անձի կողմից այն ձեռքբերելու և  գնորդին փոխանցելու նպատակով:

62-ամյա տղամարդուն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի ավտոմեքենայում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության ժամանակ բեռնախցիկից հայտնաբերվել է 4 փաթեթ՝ 1,130կգ, 1,120կգ, 1,065կգ և 0,505կգ ընդհանուր քաշերով: Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որոնք իրեն է փոխանցել ԻԻՀ մի քաղաքացի, և նշված փաթեթներն ինքը պետք է տեղափոխեր նրա նախընտրած վայր։

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչության և ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված ևս մեկ անձի ինքնությունը, ով ԻԻՀ 23-ամյա  քաղաքացի է:

Վերջինս, իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում նախապես փոխարինված հիշյալ փաթեթները ձեռք բերելու պահին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել է, ինչի հետևանքով, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատանյութագիտական և դատաքիմիական փորձաքննություն՝ փաթեթներում առկա զանգվածների բնույթը, հստակ քաշը պարզելու նպատակով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23-ամյա երիտասարդի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, իսկ Վայոց ձորի բնակչի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություններ են ներկայացվել՝ հիշյալ երկու անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք դատարանի կողմից բավարարվել են: 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների շղթայում այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ: