ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 4-10-ն արդեն 7-րդ անգամ անցկացնում է մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։
Մեդիագրագիտության շաբաթի մեկնարկային միջոցառմանն այսօր մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ‐ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Կորինա Չեպոյը, գործընկեր կառույցների այլ ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը միջոցառման անցկացումը կարևորել է ամբողջ տարվա ընթացքում իրականացվող աշխատանքներն ավելի տեսանելի ու թիրախային դարձնելու առումով, որը պետք է նպաստի իրազեկվածության բարձրացմանն ու ավելի լավ արդյունքների գրանցմանը:
Ժաննա Անդրեասյանն ուրախությամբ փաստել է, որ տարիներ շարունակ ԿԳՄՍ նախարարությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և գործընկեր մյուս կառույցների հետ աշխատում է նույն օրակարգի շուրջ:
«Բազմիցս ենք խոսել այն մասին, որ ժամանակակից աշխարհում ամենակարևոր հմտություններից մեկը մեդիագրագիտությունն է, և կրթության ոլորտի փոփոխությունների հիմքում, ըստ էության, ընկած է այս կարևոր անհրաժեշտության գիտակցումը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը տեղեկացրել է՝ մեդիագրագիտությունը դարձել է նաև ուսուցիչների վերապատրաստման պարտադիր ծրագրի մաս. ուսուցչին ներկայացվող մասնագիտական պահանջների մեջ առանձին ամրագրված են 21-րդ դարի հմտությունները՝ որպես զարգացման կարիք ունեցող առանձին ուղղություն: Մեդիագրագիտությունն այդ հմտությունների շարքում է:
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև մեդիագրագիտության շաբաթվա՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրին: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ տեխնոլոգիական շեշտակի զարգացումը կրթության համակարգի առջև առաջանցիկ զարգացման խնդիր է դնում:
«Կարիք ունենք հասկանալու՝ ինչպես արդյունավետ արձագանքել այդ զարգացմանն ու այն իրողություններին, որոնք տեղի են ունենում այսօր մեր կողքին: Հանրակրթության ոլորտում արհեստական բանականության երկու առանձին դասընթաց ունենք մասնավոր ոլորտի հետ գործակցությամբ: Այսօր արդեն տեսնում ենք, որ արհեստական բանականության կիրառությունը կրթական համակարգի համար մի կողմից նոր հնարավորություններ է ստեղծում, մյուս կողմից՝ լուրջ մարտահրավեր է»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու հույս հայտնել, որ մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում կքննարկվեն բոլոր կարևոր հարցերը:
Նախարարը կարևորել է նաև մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում ՀՀ մարզերում տարբեր ձևաչափերով միջոցառումների անցկացումը, ինչպես նաև գրադարանների ներգրավվածությունը:
Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է: Այն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ ամեն տարվա աշնանը և նպատակ ունի ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդրի վրա։