ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նոյեմբերի 2-ին Շիրակի մարզի Մեղրաշեն բնակավայրի 30-ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2024թ․ նոյեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Մեղրաշեն գյուղից «Արթիկ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել նույն բնակավայրի 30-ամյա բնակչի դին՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են տեսանկարահանող սարքի տեսագրություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ։
Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 30-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է նշված օրը՝ ժամը 18:30-19:00-ի սահմաններում, Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական հատվածի ցայտաղբյուրի մոտ գտնվող զրուցարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ նույն համայնքի 29-ամյա բնակչի կողմից։
Հիշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինս ձերբակալվել է։ Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նրան ներկայացվել է մեղադրանք, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։