Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մասին, հայտարարել է, թե քաղաքական որոշում կա՝ բուժկենտրոնների «վերակառուցումների չեն գնալու», այլ կառուցվելու են նոր շենքեր, նոր բժշկական կենտրոններ:
«Անգամ 20-30 տարվա հնության շենքերն այսօր չեն բավարարում նոր ստանդարտներին, բուժառուակենտրոն նոր միջավայր ստեղծելու հնարավորություններին, և այս պատճառով է, որ 7 պոլիկլինիկաների վերակառուցումը վերափոխվել է, և արդեն իսկ կազմվել են կառուցման նախագծեր: Հաջորդ տարվանից կլինեն մրցույթներ, և կկառուցվեն»,- ասել է նախարարը։
Լրագրողների հետ ճեպազրույցում նա մանրամասնել է, որ երբ Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ժամանակ հիմքերը բացվել են, տեսել են՝ մեծ գումարներ պետք է ներդրվեն այդ նպատակով, և դեռ հայտնի չէ՝ այն քանի տարի կսպասարկի, ուստի՝ ծախսարդյունավետության տեսանկյունից որոշվել է նոր շենք կառուցել։ Մեծ բուժհիմնարկների կառուցման ծրագրի մասին խոսելիս նախարարը նշել է. «12 հիվանդանոց է կառուցվում, որից երեքը՝ Երևանում»։