Հասարակություն

«Ռեֆորմը շատ մեծ է». Ավանեսյանը՝ ապահովագրական համակարգի մասին

«Առողջապահության նախարարությունն անում է ամեն ինչ և շահագրգռված է, որ ապահովագրական համակարգն օր առաջ ներդրվի». ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Նրա խոսքով՝ համակարգը պատրաստ է դրան. «Քաղաքացիների կողմից այս ռեֆորմն սպասված է, վերջին հարցումների արդյունքներով էլ տեսանք, որ առողջապահական խնդիրների լուծումները առաջին երեք առաջնահերթություններից են քաղաքացիների համար»։

Իսկ թե երբ կներդրվի ապահովագրական համակարգը, նախարարը նշել է՝ կառավարությունը կոնսենսուս ունի ձևի, փուլայնության, մոդելի հարցում։

«Ռեֆորմը շատ մեծ է, որովհետև ներկայացնում է ոչ միայն զուտ ֆինանսական տողի ավելացում, այլև ամբողջական վերափոխում է մոդելը՝ ինչպես պետք է գնահատել ծառայությումների որակը, ինչպես գնումներ իրականացնել, ինչպես փոխհատուցել դեղորայքը և այլն»,- ասել է նա։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ապահովագրության համակարգի մասին օրենքի նախագիծը պատրաստ է, և շուտով աշխատանքային կարգով քննարկման կուղարկվի նաև ԱԺ։

Ավելի վաղ այսօր ԱԺ-ում ֆինանսների նախարարը հայտնել էր, թե առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի։