Հասարակություն

Գումարների մի մասը կուղղվի պատվերի հատկացման օֆերտային

Առողջապահության ոլորտի կարիքների համար 2025թ. պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ։

Այսօր Ազգային ժողովում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ոլորտի կարևոր առաջնահերթություններին`

2025թ. պետական բյուջեով նախատեսվող միջոցների զգալի մասը պետական պատվերի հատկացման օֆերտային սկզբունքի ապահովմանն է ուղղվելու: Ծրագրերն անխափան շարունակվելու են, պահուստային ֆոնդերից նույնպես հատկացումներ կլինեն:

Առողջապահական ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման նպատակով պետական բյուջեով կհաստատվի 12.3 մլրդ դրամ:

Կիրականացվի 46 բժշկական կազմակերպության շինարարարություն, որից 11-ը` ընթացիկ:

Մեկնարկելու է մարզային 4 քաղաքների բժշկական կենտրոնների, 19 գյուղական ամբուլատորիաների, մարզային 9 պոլիկլինիկաների կառուցման/վերակառուցման, սարքավորումներով և գույքով վերազինման աշխատանքները:

Դեղապահովման շրջանակները որոշակի կընդլայնվեն, կվերանայվի հիմնական դեղերի ցանկը, նախապատրաստվում է ֆինանսավորման մեխանիզմի փոփոխություն:

Իմունականխարգելման ազգային ծրագրում ներդրվել է և հաջորդ տարի կմերկարկի ջրծաղիկի դեմ պատվաստումների ծրագիրը:

Կշարունակվեն և կընդլայնվեն սքրինինգային ծրագրերը: Նախատեսվում է նաև ստացիոնար մամոգրաֆիկ կենտրոնների բացում, նաև` մարզերում:

Առողջ ապրելակերպին ուղղված միջոցառումները կընդլայնվեն` ներառելով և՛ իրազեկման աշխատանքներ, և՛ վարքագծային փոփոխություններ բերող միջոցառումներ:

2025թ. հաստատված բյուջեն որոշակիորեն խնդրահարույց է այն առումով, որ ՀՆԱ-ից առողջապահության ոլորտին ուղղված ծախսերի համամասնությունը վերադարձել է 2023թ.-ի 1.5%-ի շրջանակներին:

2025թ. պետական բյուջեով նախատեսված էր ապահովագրության առաջին փուլի մեկնարկը, սակայն ֆիսկալ քաղաքականության սահմանափակ լինելով պայմանավորված` ապահովագրության հատվածը դուրս է եկել:

Առաջիկայում առողջության համապարփակ ապահովագրության օրենսդրական փաթեթի ընդունման ուղղությամբ միացյալ աշխատանքները պետք է ակտիվ կերպով շարունակվեն: