Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2025թ. համար նախատեսել էին նաև ապահովագրության առաջին փուլի մեկնարկը, որի համար պետք է հատկացվեր մոտ 218 մլրդ դրամ․ «Սակայն ֆիսկալ տարածքի սահմանափակ լինելու հետ կապված՝ ապահովագրության հատվածը դուրս է եկել»,- ասել է Ավանեսյանը։
Նախարարը նաև հայտարարել է, թե անտեղի խնդիրներ են հարուցվում. կատարողականների հիման վրա բուժհիմնարկներին ֆինանսական միջոցներ հատկացնելը միջինում 2-3 ամիս է տևում. «Մենք, այնուամենայնիվ, ֆինանսավորում ենք ծառայությունների դիմաց, բայց որոշակի ժամանակային խզում ենք ունենում»։ Ըստ նախարարի՝ բյուջեի հայտի մեջ որոշակիորեն խմբավորել են ծրագրերը։
Նախարարը նաև նշել է, որ 2025թ. բյուջեն իր համար «որոշակի առումով խնդրահարույց է». «Ցավոք, 2022թ․ առողջապահության ծախսերը եղել են ՀՆԱ-ի 1,5%-ի շրջանակներում, 2023թ․ դարձել է 1,6%, իսկ 2025թ․ բյուջեի շրջանակներում վերադարձել 1,5%-ի շրջանակ, ինչը, կարծում ենք, որպես առաջնահերթություն չի արտահայտում մեր դիրքորոշումը, և շարունակաբար աշխատելու ենք, որ և վերականգնենք, և հավելյալ գումարներ հատկացնենք առողջապահությանը»»,- ասել է նա։