Հասարակություն

Ծանրաբեռնվածությունը մեծ քաղաքների մետրոներին բնորոշ է. խոսնակ

Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր, սոց ցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհություններն արտահայտում պիկ ժամերին ստեղծված որոշակի անհարմարություններից։

Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին մետրոյի ծանրաբեռնվածությունը երբեմն կարող է առաջացնել անհարմարություններ, քանի որ ուղևորափոխադրումը բավականին ավելացել է, բայց պետք է նշեմ,որ նման ծանրաբեռնվածությունը՝ հատկապես մեծ քաղաքների մետրոյի համակարգերի համար, բնորոշ երևույթ է:

Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել նաև աշխարհի ամենազարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում՝ օրինակ Ճապոնիայում, որտեղ մետրոյի կայարաններում հերթապահում են այպես կոչված «տափանորդները». նրանք ամրակազմ տղամարդիկ են, ովքեր պիկ ժամին գնացքի մեջ չտեղավորվող ուղևորներին հրելով տեղավորում են:

Իհարկե, հասկանում եմ, կասեք մի համեմատեք Ճապոնիայի հետ, բայց չմոռանանք, որ նման խնդիր ունի անգամ զարգացած համակարգ ունեցող երկիրը։

Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք մեր քաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունն ու շնորհակալ ենք Ձեր համբերության, ըմբռնման և մեզ հետ միասին այս իրավիճակը բարելավելու պատրաստակամության համար»: