Հասարակություն

Դպրոցում աշխատանքի տեղավորելու համար մարզպետարանի պաշտոնյան կաշառք էր վերցրել

Դպրոցում աշխատանքի տեղավորելու համար մարզպետարանի պաշտոնյան կաշառք էր վերցրել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն  ու նշանակմանը:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, տեղեկանալով Ն. Խ.-ի՝ վերը նշված դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնին առաջադրվելու ցանկության մասին, նրանից պահանջել և ստացել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք, որի դիմաց, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նպաստել է Ն. Խ.-ի՝ հիշյալ պաշտոնին նշանակվելուն:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Հ. Կ.-ն, նույն դպրոցի ուսուցչուհի Ա. Մ.-ին տնօրենի պարտականությունները կատարողի պաշտոնին առաջադրվելուն և նշված պաշտոնին նշանակվելուն նպաստելու համար Ն. Խ.-ի միջոցով Ա. Մ.-ից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք, որից ստացել է 1.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած՝ 500 ԱՄՆ դոլարը վերջինս խոստացել է փոխանցել իր նշանակումից հետո:

Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձին՝ Հ. Կ.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի  2-րդ  կետով (2 դրվագ), Ն. Վ.-ին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով և 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա. Մ.-ին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Հ. Կ.-ի նկատմամբ որպես խափանաման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական