ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ։
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Ս․Պ․-ն մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու թմրամիջոց։
Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված տվյալները, հսկողություն են սահմանել Հայաստան ներմուծվող առաքանիների նկատմամբ: Պարզվել է ներմուծվող սուրհանդակային առաքանու ՀՀ տարածք մուտք գործելու օրը և բեռնափոխադրող կազմակերպության անվանումը։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություների, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել «Տրանս Շիփինգ» ՍՊԸ միջոցով ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Առաքանիում բացի անձնական օգտագործման իրերից հայտնաբերվել է պլաստմասե տարա, որը լցված է եղել 330 գրամ քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող սուր հոտով, դեղին զանգվածով:
Որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանի Ավան Նարեկացի թաղամասի շենքերից մեկի մոտից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Ս․Պ․-ն և Մ․Ա․-ն: Վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են։
Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու նպատակով: Համապատասխան որոշումների հիման վրա կատարվել են խուզարկություններ։