Հասարակություն

Պաշտպանության նախարարը՝ բանակում մահվան դեպքերի մասին

«Չէի ցանկանա զինված ուժերում ցավալի դեպքերը վերածել վիճակագրության». այսօր խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան՝ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պատգամավորը պնդեց, սակայն, որ որքան էլ չցանկանան թվեր հնչեցնել, այդ վիճակագրությունը նախարարությունը հրապարակում է, ապա նշեց, որ ցանկանում է իմանալ հստակ ռազմավարությունը, որն առկա է այս թվերի սալդոն փոխելու համար։

Նախարարն ասաց՝ վիճակագրության չենք վերածում, բայց չենք կարող նշված թվերը բացվածքով չնայել. «ԶՈւ ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաև նրանք, որոնք, զինծառայության մեջ գտնվելով, քաղաքացիական կյանքում՝ տանը, ճանապարհին, տարբեր միջադեպերի արդյունքում կարող են մահանալ։ Մեր մարտահրավերն այս շարքում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերը և սպանություններն են»։