Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի մերձակայքում անցկացվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) չափանիշներին համապատասխան «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք:
Վարժանքին մասնակցել են Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատների ազգային որակավորում ունեցող 45 փրկարարներից և 2 բուժաշխատողներից բաղկացած Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը (ՔՈՓ)։
Վարժանքի նպատակն էր ստուգել ՔՈՓ թիմի ղեկավարման շտաբի ծավալումը, փրկարարական աշխատանքների համակարգումը, ունակությունները փրկարարական աշխատանքներում, մասնավորապես՝ պարանային և հատուկ գործիքների հետ աշխատելու կարողությունները։
Գործողությունների ընթացքին տեղում հետևում էր ՆԳՆ ՓԾ աշխատանքային խումբը՝ ՆԳՆ ՓԾ տնօրենի օգնական Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։ Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը 3 փուլով խաղարկեց Տավուշի մարզում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար․ մոբիլիզացիա, տեղափոխում աղետի գոտի և գործողությունների ծավալում, դեմոբիլիզացիա։
Համաձայն սցենարի՝ սույն թվականի հոկտեմբերի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 06։45-ին, Ազատամուտ բնակավայրում տեղի էր ունեցել երկրաշարժ՝ 7 մագնիտւդ ուժգնությամբ, որի հիպոկենտրոնը գտնվում էր 15 կմ խորության վրա: Կային մեծ ավերածություններ, զոհեր և վիրավորներ։ Տուժել էր մոտ 2300 մարդ։
Փրկարարների կողմից պայմանական աղետի գոտում ձևավորվեց վրանային ավան, որի ծավալումից անմիջապես հետո փրկարարական խմբերը ստացան համապատասխան տեղամասերի համար նախատեսված փրկարարական գործողությունների վայրերը և 4-ժամյա հերթափոխով կատարեցին հետախուզական և փրկարարական աշխատանքներ՝ յուրաքանչյուր տեղամասի համար կիրառելով տարբեր սարքավորումներ:
Տեղամասերում իրականացվեցին պարանների օգնությամբ տուժածների իջեցում, փլատակներում մնացած տուժածներին հատուկ գործիքների օգնությամբ դուրսբերում, ինչպես նաև ամրակապման միջոցով տուժածների շենքից անվտանգ տարհանում։
Վարժանքի ավարտին Ա․ Գևորգյանն ամփոփեց կատարված աշխատանքների արդյունքները՝ կարևորելով ազգային մակարդակում ՔՈՓ թիմերի առկայությունը և համաձայն ԻՆՍԱՐԱԳ-ի մեթոդաբանության՝ թիմերի կարողությունների զարգացումը։