Հասարակություն

Դիտարկվել է Ղրղզստանի հետ փոխգործակցությունը

2024 թ․ հոկտեմբերի 29-ին կայացել է Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Այբեկ Մոլդոգազիևի հետ։ Այդ մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը դիտարկվել են Հայաստանի և Ղրղզստանի փոխգործակցության օրակարգի արդի հարցերը՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ինչպես նաև այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա առաջմղման շեշտադրմամբ։

Ընդգծվել է փոխգործակցության իրավապայմանագրային հենքի կատարելագործմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերի կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել առաջիկա երկկողմ միջոցառումների ժամանակցույցի և նախապատրաստական աշխատանքների ընթացքի շուրջ։

Նախարարի տեղակալ Ա․Մոլդոգազիևը տեղեկացվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների ապաշրջափակման մասով Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին։ Շոշափվել է նաև բազմակողմ կառույցների շրջանակներում Երևանի և Բիշքեկի համագործակցության թեմատիկան։