ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2025թ. պետական բյուջեի նախնական ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, որ կապիտալ ծախսերն ուղղվելու են մի շարք խոշոր ծրագրերի իրականացմանը, ապա ընդգծեց, որ շարունակում են իրականացնել «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագիրը։
«1991թ․-ից մինչև 2017թ․ Հայաստանում կառուցվել է 192 դպրոց, դրանց մեծ մասը՝ աղետի գոտում։ 2021-24թթ. մենք մեկնարկել են և ընթացքում են գտնվում 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման և նորոգման աշխատանքներ։ Միայն 3 տարում ծավալն ահռելի է, ավելին, քան նախորդ 25 տարվա ընթացքում, ինչը, բնականաբար, լուրջ կարողությունների զարգացման և այս ծրագրերի շարունակական որակական բարելավման խնդիր է դնում»,- ասաց նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ 223 կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող դպրոցներից 183-ը դպրոցների նոր շենքերի կառուցում է. «Սա էլ է կարևոր, որ մենք հիմնական շեշտադրումը դնում ենք ոչ թե վերակառուցման գործընթացի, այլ նոր շենքերի կառուցման վրա, որոնք ամբողջությամբ համապատասխանում են այն չափանիշներին, որոնք կարևոր են սեյսմակայունության և ներառական միջավայրի համար։ Արդեն իսկ աշխատանքները ավարտված են 35 դպրոցներում»,- ասաց նախարարը և շեշտեց, որ 223 դպրոցների աշակերտների թիվը կազմում է 72 հազար։