Հասարակություն

«Ինչ-որ պահի սեռական բռնության զոհը վերածվում է մեղադրյալի». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մեզ համար միանշանակ է, որ ցանկացած իրավիճակում երեխայի լավագույն շահն ու իրավունքները պետք է առաջնային լինեն»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում սեռական բռնության դեպքերի մասին հարցին ի պատասխան։

Նա կարևորել է համապատասխան միջավայրի ձևավորումը, որտեղ մարդիկ կարողանան բարձրաձայնել նման դեպքերի մասին. «Շատ դժվար է խոսել այդ խնդիրներից։ Հաճախ, երբ մարդիկ խոսում են, հանդիպում են անվստահության, կասկածամտության, և ինչ-որ պահի այն մարդը, որ զոհ է, հանկարծ վերածվում է մեղադրյալի»,- ասել է նախարարը։

Անդրեասյանը հիշեցրել է, որ նախորդ տարի դպրոցներում ներդրվել է հոգեբանի հաստիք. «Բազմաթիվ այլ ծառայությունների կարիք կա, որ երեխան դպրոցում իրեն ապահով զգա, կարողանա ցանկացած խնդիր բարձրաձայնել, և վստահ լինի, որ ինքը խնդրի մասին խոսել է, չի բերի հետևանք, երբ իրեն «անկյուն կանգնեցնեն» և մեղավոր հանեն ինչ-որ հարցերի համար»։