Հասարակություն

Սպառնալիքով վերցրել է iphone13-ը և կանխիկ գումար ու դիմել փախուստի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողություններով պարզվել են Երևան քաղաքում օտարերկրացու նկատմամբ ավազակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

ՌԴ քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 21։50-ի սահմաններում, Երևան քաղաքի Կասկադ համալիրի աստիճանահարթակի մոտ անհայտ անձը, զենքի նմանվող առարկայով սպառնալիքներ է հնչեցնելով, իրենից պահանջել է բջջային հեռախոս և գումար, ինչին ի պատասխան, վախի ազդեցության ներքո, ենթարկվելով սպառնալիքներին, ինքը տվել է իրեն պատկանող «Այֆոն 13» մոդելի բջջային հեռախոսը և կանխիկ գումար, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ՌԴ քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննության ընթացքում իրականացվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում տուժողը մատնացույց է արել հստակ վայրը, որտեղ դեպքը տեղի է ունեցել։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիր քաղաքի 25-ամյա բնակիչ է:

Նախաքննության ընթացքում առգրավվել են դեպքի վայրի հարակից հատվածներում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք զննության են ենթարկվել տուժող մասնակցությամբ։

25-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Նախաքննությունը շարունակվում է։